Որտե՞ղ ենք գտնում Աստծո զորությունը

ծառեր, ծաղիկ, արևի լույս

Զորություն։

Ժամանակների սկզբից կանայք և տղամարդիկ պայքարել են դրա համար։ Ուժ։ Հզորություն։ Կատարելու
կամ գործելու ունակություն։ Ելնելով այդ սահմանումներից, մենք բոլորս ձգտում ենք զորության։
Եկեղեցում շատ ենք խոսում քահանայության կամ Երկրի վրա Աստծո զորության մասին: Տարիներ շարունակ կանանց
և տղամարդկանց հետ ունեցած իմ շփումներից հասկացել եմ, որ կան որոշ բաներ, որոնք մենք սխալ ենք հասկանում,
երբ խոսքը գնում է Աստծո զորության և այն մասին, թե ով կարող է ստանալ այն։
Նախ, կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր բարոյական տղամարդու և կնոջ մեջ արդեն գոյություն ունի տարբեր
տեսակի զորություն։ Երբ մարդը դիմադրում է շրջապատի բացասական ազդեցություններին և պահում է Աստծուն և
իր ընկերին սիրելու երկու մեծ պատվիրանները, անկախ նրանից այդ մարդը պաշտոնապես ուխտ է կապել Աստծո
հետ, թե՝ ոչ, արդեն իսկ աստվածային զորություն է ի կատար ածվում այդ մարդու կյանքում։
Սակայն, եկեք ենթադրենք, որ ինչ-որ բարի կին կամ տղամարդ ընդունում է վերականգնված ավետարանը։ Հիսուս
Քրիստոսի Եկեղեցում մկրտվելիս նա ուխտ է կապում, որտեղ նրան խոստացվում է, որ նա կարող է ստանալ
քահանայության զորությունը՝ Աստծո զորությունը։ Արդյո՞ք նրա կյանքն ու զորությունը շատ տարբեր են նախկինից:
Այո՛։ Ես հավատում եմ, որ նրա դրական զորությունն իսկապես մեծանում է իր ուխտերի շնորհիվ՝ երեք որոշակի
եղանակներով։

1․ Գիտելիքի մեծացում
Երբ նա գտնում է ճշմարտություններ, որոնք կարելի է միայն գտնել Հիսուս Քրիստոսի վերականգնված
ավետարանում, նա սովորում է, որ տառացիորեն Հավերժական Ծնողների զավակն է, և որ նրանք ցանկանում են
օգնել նրան դառնալ Իրենց նման: Նա սովորում է, որ Հիսուս Քրիստոսը ոչ միայն իրեն փրկում է իր մեղքերից, երբ
նա ապաշխարում է, այլ նաև, որ Նա կիսվում է իր հնարավորություն տվող զորությամբ՝ օգնելու նրան քայլ առ քայլ
հաղթահարել իր բոլոր հանգամանքներն ու սահմանափակումները: Նա սովորում է, որ Երկրի վրա իր ապրած
տարիների համար իմաստալից մի ծրագիր է պատրաստված, և որ հակադրությունն իր կյանքի փորձառության
զորավոր դասերից մեկն է։ Նա սովորում է, որ այս կյանքից հետո մարդիկ դեռ սովորում են ավետարանի մասին և
աճում: Նա սովորում է, որ տաճարներում նա կարող է միանալ իր ընտանիքի անդամներին, ովքեր նախորդել են իրեն,
և կարող է օրհնել իր այն ընտանիքի անդամներին, ովքեր կհաջորդեն իրեն։

«Աստված ոչ միայն մեզ շնորհում է զորության պարգևը, որպեսզի օգնի մեզ կատարել Իր աշխատանքը, այլ նաև
շնորհում է անձնական, փրկագնող զորությունը, որը փոխում է մեր բնույթը»:


Փոխըմբռնման այս ընդլայնված զգացողությամբ այդ մարդը ստանում է Աստծո հետ ուխտեր կնքելու հրավերը: Դա է
ուխտերի բնույթը։ Դրանց ժամանակ գրեթե միշտ պահանջվում է սովորել նոր ճշմարտություններ Աստծո և Նրա
ծրագրի մասին։ Երբ մենք ուխտ ենք կապում, մենք խոստանում ենք խոնարհել մեր կամքը և ցանկությունները՝ այդ
ծրագրին օգնելու համար։ Աստված ոչ միայն մեզ շնորհում է զորության պարգևը, որպեսզի օգնի մեզ կատարել Իր
աշխատանքը, այլ նաև շնորհում է անձնական, փրկագնող զորությունը, որը փոխում է մեր բնույթը։ Դա նման է
ուխտի «սենդվիչի», որի մի կողմում գիտելիքն է, իսկ մյուս կողմում՝ զորությունը։ Մենք ստանում ենք այդ նոր
գիտելիքը, երբ ավետարանի մասին սովորում ենք նախքան մկրտությունը, ստանում ենք Սուրբ Հոգու միջոցով,
տաճարային օժտման ժամանակ, կնքման ժամանակ և այն բոլոր անձնական ուսուցումներում, որոնք ստանում ենք
Տիրոջ Հոգուց։ Իրականում, դա է շարունակական հայտնության զորությունը։
Ինչ-որ առումով, Աստծո հետ ուխտեր կապելու օրհնությունները կարելի է նմանեցնել համալսարանում կրթություն
ստանալուն։ Մագիստրոսի աստիճանի ձգտող ուսանողը ավելի լավը չէ, քան ավագ դպրոցն ավարտած աշակերտը․
Աստված նույն ձևով է նրանց սիրում և գնահատում, բայց զոհաբերության և ավելի կարգապահ դառնալու ձգտման

շնորհիվ ուսանողն կարող է ավելին անել։ Ուսանողը զարգացնում է օգտակար հմտություններ, նրան հասանելի են
հաստատությունները և գիտելիքը, և նա հանդիսանում է գիտական ​​համայնքի անդամ, որտեղ կարող են առաջ
գալ նոր բացահայտումներ և հետազոտություններ: Ինչ-որ առումով, Աստծո հետ ուխտեր կապելը նույնն է։ Այն
ներառում է կարգապահություն և զոհաբերություն, երբ մենք սովորում և ստանում ենք ավելի բարձր օրենք: Եվ
ամենագեղեցիկն այն է, որ ուխտերը բաց են խոնարհ մարդկանց համար՝ չկան փողի, պաշտոնի կամ աշխարհիկ
կրթության պահանջներ: Կապելով մեր սրբազան ուխտերը, Հոգին մեզ համար բացում է գիտելիքների մեծ գանձեր,
երբ մենք զոհաբերում ենք, նվիրաբերում և հնազանդվում ավետարանի օրենքին՝ ավետարանով ապրելով դժվարին
պայմաններում և հավատարիմ մնալով մեր հարաբերություններին:

2. Զորության մեծացում համայնքի շնորհիվ
Այն մարդը, ով դեռ Աստծո հետ ուխտ չի կապել, ունի իր համոզմունքների և իր արդար գործողությունների ուժը,
բայց նա հաճախ կարող է իրեն միայնակ զգալ: Երբ Տերը քահանայության օրինակով կազմակերպեց քվորումներ և
Սփոփող Միություններ, Նա համայնք էր պարգևում իր որդիներին և դուստրերին: Մենք բոլորս փնտրում ենք ավելի
մեծ գիտելիքներ այն մասին, թե ինչպես կարող ենք զորությամբ օրհնել նրանց, ում սիրում ենք, և ինչպես աջակցենք
իրար այդ գործընթացում: Մենք ուսուցանում ենք միմյանց։ Մենք մխիթարում ենք միմյանց։ Մենք ընդունում կամ
պիտի ընդունենք միմյանց։ Հավատի համաշխարհային համայնքը հիանալի պարգև է:

3. Զորության մեծացում՝ Աստծո անունից գործելու համար
Երբ ծառայում ենք ցանկացած կոչման մեջ կամ ղեկավար պաշտոնում, երբ որպես միսիոներ ավետարանը քարոզելու
համար ի սպաս ենք դրվում, երբ մաս ենք կազմում ծխի կամ ցցի խորհրդի, կամ երբ ծառայում ենք որպես Երեխաների
Միության ուսուցիչ, մենք պարզապես չենք գործում մեր սեփական զորության սահմաններում: Մենք Աստծու գործում
ծառայում ենք լիազորված կոչումներում, և յուրաքանչյուր կոչում բերում է հատուկ հոգևոր պարգևներ: Եթե
​​առաջին մեծացումը «դպրոց գնալն էր», ապա այս երրորդ մեծացումը «որակավորված է աշխատանքի համար»,
քանի որ դուք ունեք փորձ և կարգապահություն, որոնք ձեզ լիազորություն են տալիս Տիրոջ աշխատանքը կատարելու
համար: Այնուամենայնիվ, ձեզ և ինձ նման Աստծո գործին կանչվածները դեռ սովորում են, սխալներ են թույլ տալիս,
ապաշխարում և նորից փորձում են՝ լինել ավելի լավը և ավելի լավ գործել։
Թույլ տվեք կիսվել օրինակով։ Այն լավ անձնավորությունը, որի մասին տեսականորեն խոսում ենք, կարող է լինել իմ
մայրը, ով դեռ պետք է ուխտեր կապի։ Մայրս մեծացել է Հարավային Կալիֆոռնիայի մի բարի, բայց ոչ հավատացյալ
ընտանիքում: Նա և իր փոքր քույրը երբեմն գնում էին բողոքական եկեղեցու կիրակնօրյա դպրոց, քանի որ նրանք
սիրում էին սովորել Հիսուսի մասին: Նա անկեղծ էր, օգնում էր հարևաններին, տքնաջան աշխատում էր և չէր խմում
ոգելից խմիչքներ ու չէր մասնակցում երեկույթների։ Նա և հայրս ամուսնացան բապտիստական ​​եկեղեցում,
քանի որ այնտեղ գեղեցիկ էր: Եթե միսիոներները երբեք չհանդիպեին նրանց, իմ ծնողները կապրեին լավ կյանքով։
Բայց քանի որ մայրս մկրտվեց և օժտում ստացավ տաճարում ու այդ ուխտերի շնորհիվ ստացավ քահանայության
զորությունը, նրա կյանքը գլխիվայր շուռ եկավ: Նա 30 տարով հետաձգեց իր անձնական ծրագրերը՝ յոթ երեխա
մեծացնելու համար։ Նա ամրապնդեց այն ծխերը, որտեղ ապրում էր, որպես այցելու քույր նա սպասավորեց երբեմն
տխուր և դժվար հասկանալի մարդկանց և ուսուցանեց Երեխաների Միությունում, միջոցառումների ժամանակ և փոքր
սկաուտներին: Նա ծառայել է Եկեղեցու մի շարք սպասարկիչ և լիաժամկետ միսիաներում։ Նա կատարել է
Նորվեգիայի իր հազարավոր նախնիների տաճարային աշխատանքը:
Իր կյանքի եռանդը մայրս ծախսում էր ուրիշների կյանքն ավելի լավը դարձնելու վրա։ Դա քահանայության զորության
հիմնական բնույթն է։ Ամենակարևորը՝ նրա ուխտերը զարգացան աստիճանաբար և հնարավորություն ընձեռեցին
նրան ավելի լայն աստվածային գիտելիք ձեռք բերել, ծանոթանալ իր նման նվիրաբերված մարդկանց համաշխարհային
համայնքի հետ և կատարել լիազորված աշխատանք, ինչն ազդեցություն է ունենում այս մահկանացու կյանքից այն
կողմ: Նա այդ բոլորը չէր ունենա, եթե պարզապես մնար մի լավ կին Երկրի վրա։

Վարդապետություն և Ուխտեր 121-րդ բաժինը հատուկ մեզ՝ ուխտեր կապած կանանց և տղամարդկանց համար է, և
այն մասին, թե ինչ է նշանակում օժտվել քահանայության զորությամբ: Մենք սովորել ենք, որ «ոչ մի զորություն կամ
ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ» և որ քահանայությունն արդյունավետ է
«միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով» (հատված 41): Այլ կերպ
ասած, քահանայության իշխանությունը չի կարող օգտագործվել անարդարությամբ վերահսկելու համար և կարող է
օգտագործվել միայն սիրելու համար:
Սա բոլոր սուրբ գրությունների բացառիկ խոստումներից մեկն է: Խոսքը քահանայության մասին է և Աստծո բոլոր
դուստրերի և որդիների համար է: Իմ վկայությունն այն է, որ երբ մենք ուխտ կապենք Աստծո հետ, մենք հավերժական
փոփոխություն կատարենք՝ ոչ միայն մեզ համար, այլ նաև այն եղանակների մեջ, որոնցով զորացնում և
բարձրացնում ուրիշներին: Այդ զորությամբ է Հիսուս Քրիստոսը կիսվում մեզ հետ։ Հորդառատ անձրևի նման այն
կթափվի մեզ վրա, եթե մեր երեսը շրջենք դեպի անձրևը։
Սփոփող միության գերագույն նախագահության հոդվածների շարքից սա առաջինն է այս թեմայով և հարմարեցված է
«Օժտված Քահանայության զորությամբ» նրանց ելույթներից ԲՅՀ- ի կանանց համաժողովին՝ 2019 թվականի
մայիսին: