Երբ մառախուղը չի ցրվում

մի մարդ որ նայում է Գոլդեն Գայթ կամուրջին

Ջեյք Ռոբինս
Ես նստած էի Թայմզ Սքուերի մեջտեղում գտնվող սրճարանի մի սեղանի մոտ՝ բոլոր կողմերից
շրջապատված մարդկանցով: Նրանց թվում էին նաև իմ լավագույն ընկերներից մի քանիսը: Մինչդեռ այդ
պահին ես ինձ ավելի քան միայնակ էի զգում: Թեպետ այդպիսի ապրումներն ինձ ամենևին անծանոթ չէին,
ինձ շփոթեցրեց այդ պահին իմ զգացածի հակասականությունը: Չնայած ես անկեղծորեն ցանկանում էի լավ
ժամանակ անցկացնել Նյու Յորքում, միակ բանը, որ ուզում էի անել այդ պահին՝ անկողին մտնելն էր,
քնել ու պարզապես չարթնանալը:
Հետագա շաբաթների ընթացքում մեկուսացման և անբավարարվածության զգացումը խորացավ: «Ինչպե՞ս
կարող է դա կրկին տեղի ունենալ ինձ հետ»,- զարմանում էի ես: Ես նմանեցնում էի այդ հոգեկան բեռը այն
թանձր մառախուղին, որ երբեմն հանդիպում էր իմ մանկության օրերին Բեյ Էրիայում: Ես հիշում եմ սառը,
խիտ ամպերը, որոնք ալեկոծվելով, ներթափանցում էին Գոլդեն Գեյթի միջով, կլանում էին Սան
Ֆրանցիսկո Բեյը և թափվում էին Իսթ Բեյի բլուրներից՝ լուռ մշուշի տեսքով: Ի վերջո, ամբողջ հովիտը
ծածկվում էր մշուշով՝ երբեմն այնպիսի թանձր, որ ես ոչինչ չէի տեսնում 20 ֆուտ հեռավորության վրա:
Այդ օրերին, միակ տեսանելի լույսը արևն էր ճնշող մոխրագույն երկնքում: Գիշերները խավարը
համապարփակ էր:
Ինձ թվում էր, որ այդ մշուշը շարունակում է շրջապատել ինձ, նույնիսկ, երբ ես արդեն վերադառնում էի
իմ առօրյա գործերին: Իրականում այն էլ ավելի ճնշող էր դառնում: Ինձ չէին հետաքրքրում նույնիսկ
ամենահասարակ բաներ, ինչպես՝ աշխատակցիս հետ պաղպաղակ ուտելը, արևոտ շաբաթ օրով տաճար
գնալը կամ ընկերոջս հետ նվագելը: Ամենահասարակ խնդիրները վախեցնում էին ինձ և դառնում սաստիկ
հոգնեցնող սխրագործություն: Լվացք ծալելը, ճաշ պատրաստելը և նույնիսկ եկեղեցի գնալը ինձնից ահռելի
էներգիա և ջանք էին պահանջում:
Ես ինձ այնքան մեղավոր էի զգում այն բանի համար, որ այլևս չէի կարող կամ չէի ցանկանում անել այն
ամենը, ինչ մի ժամանակ անում էի՝ անկեղծ ժպիտը դեմքիս, ինչպես նաև այն բանի համար, որ այլևս
չկար երախտագիտության այն զգացումը, որն ունեի անցյալում: Շաբաթներով ես աղոթում էի, մասնակցում
եկեղեցական արարողությունների, կարդում Աստվածաշունչը և անում այն ամենն, ինչ ըստ իս, պետք է
անեի, բայց սփոփանք զգալու փոխարեն, լսում էի միայն ծղրիդների ձայնը կամ իմ սենյակակցի խռմփոցը:
Ամեն ինչ անիմաստ էր թվում, երբ չէի գտնում Տիրոջը այն պահին, երբ Նրա կարիքն ամենաշատն էի
զգում: Ես չէի զգում սեփական հոգևորությունը: Ես ինձ մեղավոր էի համարում այն բանի համար, որ չէի «զգում» Սուրբ Հոգին այնպես, ինչպես ենթադրում էի, որ պետք է զգայի՝ նույնիսկ բոլոր պատվիրաններն առավելագունս կատարելու դեպքում: Եվ այդ մեղքը խորացնում էր իմ ընկճվածությունը ու ստեղծում վհատության և հուսահատության փակուղի:Ես իմացա, որ իմ հոգեկան ընկճախտը՝ դեպրեսիան, կարող է լրջորեն խոչընդոտել Սուրբ Հոգին զգալու և
ճանաչելու իմ կարողությանը: Դա շատ ցավալի է, հատկապես, երբ գիտես, որ առաջնահերթն ու
ամենակարևորը, որ դու պետք է անես՝ աղոթելն է և Հիսուս Քրիստոսին հավատալը:
Միայն ամիսներ անց ես հասկացա, որ Նա իմ կողքին էր դեպրեսիայի և հուսահատության ամենածանր պահերին:Նա ինձ հետ էր իմ ամենախավար պահերին և ուժ էր տալիս, որպեսզի ես կարողանամ առաջ շարժվել օրեցօր, կամ, երբեմն, ժամ առ ժամ: Ինչո՞ւ էր Նա իմ կողքին: Քանզի ունենալով դեպրեսիայից շատ ավելի լուրջ ապրումներ, Նա հստակ գիտեր, թե ինչ եմ ես զգում, և թե որքան դժվար է որևէ բան զգալու համար պայքարելը: Եվ չնայած այդ սփոփանքի առկայությանը, ինձ չափազանց դժվար էր օգնել: Պատճառներից մեկն այն էր, որ ինձ թվում էր, թե յուրաքանչյուր պահի ես կարող եմ ուսերս թափ տալ և ազատվել այդ զգացումից, ինչպես վայել է ուժեղ և անկոտրում մարդուն: Երեք տարիների ընթացքում ես ապարդյուն աղոթում էի դա անելու համար, մինչև որ Եսայիա մարգարեի խոսքերն արձագանքեցին իմ մեջ. «Տերը լքել է ինձ, և իմ Տերը մոռացել է ինձ» (1 Նեփի 21.14): Բայց և այնպես, այդ ամենի ընթացքում ես մշտապես հիշում էի այն հոգևոր փորձը, որ ունեցել եմ իմ Տիրոջ հետ միասին անցյալում, և այդ հիշողությունները դրդում էին ինձ ընդունելու այն օգնությունը, որի կարիքն ունեի:Ի վերջո, ես սկսեցի դեղորայք ընդունել և գտա ընկերներ, ովքեր մեծ սիրով լսում էին ինձ այն պահերին, երբ ես փորձում էի գտնել իմ ուղին: Այս հիվանդությունը սնվում է մեկուսացումից, ուստի որքան շատ մարդ է սեր ու կարեկցություն ցուցաբերում ներքին պայքար մղող անձանց նկատմամբ, այդքան շատ բերկրանք և դիմանալու ուժ կպարգևի մեզ Աստված: Ես հասկացա, որ Աստված միշտ կա իմ կյանքում, նույնիսկ, և գուցե հատկապես այն ժամանակ, երբ ես ինձ զգում եմ միանգամայն մոլորված և մոռացված:
Ես նաև հասկանում եմ, որ մեր մշակույթի և հասարակության մեջ առկա կարծրատիպերին հակառակ՝ տղամարդու համար միանգամայն նորմալ է հոգեկան ընկճախտով տառապելը: Նորմալ է, երբ մարդ իրեն ջախջախված է զգում և ոչ ոք չունի, ում կարող է դիմել, բացի Քրիստոսից:
Եվ չնայած այսօր ինձ համար դժվար է զգալ Սուրբ Հոգին այնպես, ինչպես անցյալում, ես փորձում եմ գտնել իմ սեփական փոքրիկ ցուցանշանները դեպի Աստված տանող ճանապարհին, որոնք կհիշեցնեն ինձ Փրկիչի և իմ կյանքում Նրա սիրո առկայության մասին: Եսայիան շարունակում է. «Քանզի կարո՞ղ է կինը մոռանալ իր ծծկեր մանկանը, որ կարեկցանք չունենա իր արգանդի որդուն: Այո՛, նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա, ո՛վ Իսրայելի տուն: Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա. Քո պարիսպները մշտապես իմ առջևում են» (1 Նեփի 21.15–16):
Երբ ես ինձ զգում եմ մոլորված և լքված ու անկարող՝ զգալու Նրա Հոգին և Նրա սերը, ես գիտեմ, որ ես ի վիճակի եմ գոնե հիշել Նրա Հոգու և Նրա սիրո մասին: Այն միտքը, որ Նա չի կարող և չի ցանկանում մոռանալ ինձ, հանգստացնում և ոգևորում է ինձ: Նա նույնպես զգացել է, թե ինչ է նշանակում ընկճված լինելը, հետևաբար, Նա կարող է օգնել ինձ: Միակ բանը, որ ինձ սփոփանք և խաղաղություն է պարգևում այս հիվանդությունը հաղթահարելու իմ դժվարին ճանապարհին, այն համոզմունքն է, որ չնայած մառախուղը կարող է և լիովին չցրվել, Նա միշտ այստեղ է և պատրաստ է ձեռք մեկնել մշուշի միջից և ցույց տալ դեպի իր տուն տանող ճանապարհը: Հիմնաբառեր. քավություն, ուսուցում, հավատ, աճ, Սուրբ Հոգի, ոգեշնչում, սեր, աղոթք, ինքնագնահատում,
երկրպագություն: