Ինչպե՞ս եմ  հետևում #ԼսեքՆրան կոչին

    Ինչպե՞ս եմ  հետևում Լսե՛ք Նրան կոչին

    Երեց Դեյվիդ Ա. Բեդնար
    Տասներկու Առաքյալների Քվորում

    «Լսել» բառն ինձ համար թովիչ է։

    Այդ բառը բազմիցս օգտագործվում է սուրբ գրություններում, և չեմ կարծում, որ դա վերաբերում է ֆիզիոլոգիական ականջներով լսելուն: Այն վերաբերում է մտքով և սրտով լսելուն։ Իմ ուշադրության կենտրոնում է եղել այն, թե ինչպես եմ լսում Հիսուս Քրիստոսի ձայնը, ոչ թե միայն բառերով կամ հնչյուններով, այլ ինչպե՞ս եմ Նրան լսում իմ մտքում և սրտում:

    Երբ մտածում եմ, թե ինչպես եմ լսում Տիրոջ ձայնը, ես հիշում եմ, որ հայտնությունները տարբեր ձևերով փոխանցվում են Սուրբ Հոգու միջոցով, այդ թվում՝ երազների, տեսիլքների, երկնային սուրհանդակների հետ հաղորդակցման և ներշնչման միջոցով: Որոշ հայտնություններ ուժգին են և ստացվում են անմիջապես. որոշներն աննկատ են և ճանաչվում են աստիճանաբար: Կյանքիս ընթացքում ես անընդհատ ձգտում եմ այն դիրքում մնալ, որ ավելի հաճախակի երկնային հաղորդակցություն ստանամ:

    Լսե՛ք Նրան՝ առաջ մղվելով ծառայության մեջ

    Հասկացել եմ, որ սովորաբար լսում եմ Նրա ձայնը և ներշնչում եմ ստանում այն ժամանակ, երբ գործում եմ համաձայն այն հրահանգների, որոնք տրվել են ինձ։ Հասկացել եմ, որ երբ սպասավորում եմ մարդկանց, ներշնչում եմ ստանում որոշակի մարդու կարիքների վերաբերյալ: Առաջ մղվելու իմ քայլն ինքնին ներշնչում ստանալու հրավեր է։

    Լսե՛ք  Նրան արդար երաժշտության միջոցով

    Սիրում եմ երգել «Աստծո Սրբեր» օրհներգը։ Աշխարհում չկա մեկը, ով ինձանից վատ է երգում, բայց հուզիչ երաժշտության և օրհներգի բառերի համադրությունը խոսում է Փրկիչի Քավության հնարավորություն տվող և ամրացնող զորության և շնորհի մասին, որը, չեմ կարծում, որ կարող եմ այլ եղանակով ստանալ: Իմ նախընտրած օրհներգերից շատերը Վերականգնման օրհներգերն են, որոնք ուսուցանում են նմանատիպ դասեր։ Եվ այդ ուղերձների, ինչպե՛ս երաժշտության, այնպե՛ս էլ խոսքերի մեջ, դուք կարող եք լսել Նրա ձայնը։ Ինձ համար երաժշտությունը հաճախ Տիրոջ ձայնն է:

    Լսե՛ք Նրան սուրբ գրությունների և անկեղծ աղոթքի միջոցով

    Այսօր ես չեմ կարող մտածել ավելի կարևոր բանի մասին, քան այն խոստումի, որ կարող եմ լսել Նրան, որ կարող եմ իմ կյանքում ստանալ Նրա առաջնորդությունը, Նրա հավաստիացումը և Նրա պաշտպանությունը: Դա բարդ և դժվար չէ, բայց հոգևորապես աշխատատար է և ժամանակ է պահանջում։ Եղանակներից մեկը, որով ես եմ լսում Նրան, սուրբ գրություններն են։ Սուրբ գրությունները Տիրոջ նախօրոք ձայնագրված ձայնն է։ Եվ, սովորաբար, դա լսելի ձայն չէ, չնայած դա կարող է պատահել։ Սուրբ գրությունները կարելի է լսել զգացողությամբ։ Զգալ մտքում, զգալ սրտում։ Սուրբ գրություններն ինձ համար այդ մտքերն ու զգացումներն ունենալու բանալին են։

    Չնայած սա կենսունակ և արագ փոփոխվող աշխարհ է, որտեղ բազմաթիվ ձայներ շեղում են մեր ուշադրությունը, ես կարող եմ «հանդարտվել» և լսել Նրան։ Լսելով Նրա ձայնը սուրբ գրություններում, անկեղծորեն աղոթելով՝ ոչ միայն աղոթք ասելով, այլ անկեղծորեն և անկեղծ միտումով աղոթելով, ես կստեղծեմ այդ հոգևոր հանդարտությունը, այդ մեղմությունը, որպեսզի կարողանամ լսել Նրան:

    Լսե՛ք Նրան Սուրբ Հոգու միջոցով

    Ժամանակի ընթացքում ես սովորել եմ, որ Սուրբ Հոգու ընկերակցությունը ունենալու ձգտման մեծ օրհնություններից մեկն այն է, որ ինքս ինձ տեսնեմ այնպես, ինչպես իրականում կամ՝ թե՛ դժվարին, թե՛ ուրախ պահերին: Ես այդ ձայնը չեմ լսում իմ ականջում, փոխարենը՝ Սուրբ Հոգու զորությամբ մտքեր են ծագում իմ գլխում և զգացողություններ են առաջանում իմ սրտում։ Ես տեսնում եմ, թե որտեղ եմ հաջողել, որտեղ բարելավելու և ավելի լավ գործելու կարիք ունեմ, և դա է սրբեր դառնալու գործընթացը։ Սուրբ Հոգու՝ որպես հայտնողի ընկերակցությունը օգնում է ինձ տեսնել ինչպես լավը, այնպես էլ վատը, ինչը ես հակառակ դեպքում չէի տեսնի:

    Լսե՛ք Նրան՝ գրանցելով հոգևոր հուշումները

    Երեց Ռիչարդ Գ. Սքոթը մի առիթով ինձ ուսուցանեց, որ, անհրաժեշտության դեպքում, պատշաճ կերպով գրանցած հոգևոր գիտելիքները հասանելի են: Եթե ​​իմ գրանցած գիտելիքն այն է, ինչ ես զգում եմ իմ սրտում, այն մտքերն են, որոնք ստանում եմ իմ մտքում Սուրբ Հոգու զորությամբ, ապա դա նման է փոքր թիթեղների վրա սրբազան գրեր, մարգարեություններ և հայտնություններ գրելուն: Դա բծախնդիր և մանրակրկիտ նշումներ անել չէ.  դա՝ Նրա ձայնը լսելն է: Նրան լսելը և գրանցելն այն, ինչը կօգնի ինձ հիշել Նրա խոսքերը։

    Նրան լսելու համար կատարելություն չի պահանջվում

    Կարծում եմ, որ երբեմն ակնկալիքները փակում են ճանապարհը։ Առաջ մղվելու և լավագույնս գործելու համար պարտադիր չէ կատարյալ լինել։ Հաճախ կարող եմ մտածել, որ ինչ-որ մեծ հոգևոր հուշում եմ ստանալու, բայց հաճախ ստանում եմ շատ հանգիստ, նուրբ և հանդարտ հուշում։ Եթե ես մեծ պատասխան եմ ակնկալում և շատ փոքր պատասխաններ եմ ստանում, կարող եմ բաց թողնել դրանք: Եթե ես հնչեղ պատասխան եմ ակնկալում և շատ մեղմ պատասխաններ եմ ստանում, կարող եմ չհասկանալ դրանք:

    Ես և Եկեղեցու շատ անդամներ կարող ենք անարժան զգալ կամ մտածել. «Մի՞թե ես էի, թե՞ Տիրոջ Հոգին էր դա»: «Արդյո՞ք դա տպավորություն էր Սուրբ Հոգուց»: Պատասխանն այն է, որ դադարեք անհանգստանալ այդ մասին: Ճիշտը գործեք։ Ամեն ինչ արեք ձեր ուխտերը պատվելու համար: Պահեք պատվիրանները: Պարտադիր չէ, որ ես կատարյալ լինեմ։ Ես պարզապես պետք է ուժերիս ներածին չափով պատվեմ իմ ուխտերը: Շատերը կարծում են. «Դե, Նա երբեք այս բաներն ինչ չի հայտնի»: Իհարկե, Նա կհայտնի դրանք։

    Երբ ձգտում եմ ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը՝ անջատելով շեղող բաները և ժամանակ տրամադրելով հոգևոր մեղմության թանկագին պահերին, ես տեսնում եմ նոր աչքերով և լսում եմ նոր ականջներով: