2020 թվականի ձեզ ուղղված իմ հրավերն է՝ կիսվեք Փրկիչի Ավետարանի Վերականգնման ուղերձով

    ծառեր

    Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

    Երբ ելույթ ունեցա անցյալ տարվա հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովին, ես 2020 թվականը
    բնութագրեցի որպես երկուհարյուրամյա ժամանակաշրջան, երբ նշում ենք այն իրադարձության 200
    տարին, երբ Հայր Աստված և Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, տեսիլքում հայտնվեցին Ջոզեֆ
    Սմիթին: Մարդկության պատմության մեջ այդ եզակի իրադարձությամբ մեկնարկել է Տիրոջ ավետարանի
    Վերականգնումը․ մի ծավալվող իրադարձություն, որը շարունակվում է առ այսօր: Որքան օրհնված ենք
    այդ տեսիլքի լույսի ներքո ապրելու համար։ Այդ տեսիլքի շնորհիվ նոր հասկացողություն ստացանք մեր Հոր
    Աստծո և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի բնույթի մասին: Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և
    տեսլական ունի պատրաստած յուրաքանչյուրիս համար: Ճիշտ այնպես, ինչպես 1820 թվականին լսեց
    Ջոզեֆի աղոթքը, Նա լսում է ձեզ և ցանկանում է, որ Հոգու միջոցով խոսի ձեզ հետ: Երկնային Հայրը ձեր
    կարիքն ունի։ Մենք ձեր կարիքն ունենք։ Այս տարին կարևոր է լինելու։ Մենք հրավիրում ենք ձեզ, որ
    մեծապես մասնակցեք Փրկիչի ավետարանի շարունակական վերականգնման ուղերձի տարածման գործին:
    Մենք շուտով այդ մասին ավելի շատ կբարձրաձայնենք, բայց դուք կարող եք սկսել այսօր՝ գործելով ըստ
    այն հրավերների, որոնք ես հղեցի ձեզ վերջին գերագույն համաժողովի ժամանակ՝ ընկղմվելով
    Վերականգնման փառահեղ լույսի մեջ:


    Ինչպե՞ս անել դա։ Գուցե ցանկանաք սկսել ձեր նախապատրաստությունը՝ վերստին կարդալով Ջոզեֆ
    Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունը, ինչպես գրված է Թանկագին Մարգարիտում։ Կամ մտածեք
    հետևյալ կարևոր հարցերի շուրջ․ «Ինչպե՞ս իմ կյանքը կտարբերվեր, եթե Մորմոնի Գրքից սովորած իմ
    գիտելիքը հանկարծակի վերցնեին ինձանից», կամ «Առաջին Տեսիլքին հաջորդող իրադարձություններն
    ինչպե՞ս փոխեցին իմ և իմ սիրելիների կյանքը»։ Ընտրեք ձեր իսկ հարցերը։ Նախագծեք ձեր անձնական
    ծրագիրը։ Գործեք համաձայն այդ հրավերների, որպեսզի պատրաստ լինեք կիսվելու Վերականգնման
    շարունակվող կարևոր ուղերձներով: Երբ այս ջանքերում փնտրեք Հիսուս Քրիստոսին, Աստված ձեզ
    կպատրաստի, որպեսզի ստանաք ավելի մեծ լույս: Ձեր նախապատրաստության շնորհիվ է, որ ապրիլ ամսվա
    գերագույն համաժողովը ձեզ համար կդառնա ոչ միայն հիշարժան, այլև՝ անմոռաց։ Գործելու ժամանակը
    հիմա է։ Սա կարևոր ժամանակ է Եկեղեցու պատմության մեջ և ձեր դերը էական է։ 
    Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա առաջնորդում է այս Եկեղեցին այսօր։ Աստված
    վստահում է բոլորիս, որ կարևոր դեր ունենանք Իր ավետարանի վերականգնման գործում։