Դու գնում ես այնտեղ, որտեղ նայում ես

    Լորի Դրեյպեր

    14 փետրվարի, 2020թ․

    Մանկուց սիրել եմ հեծանիվ վարել։ Բացի մարզվելու հիանալի տարբերակից և տեղից-տեղ տեղափոխվելու միջոց
    հանդիսանալուց, հեծանիվ վարելուց ես արժեքավոր դասեր եմ սովորել։ Մասնավորապես, այդ դասերից մեկն ինձ
    ստիպեց գրեթե ամեն օր մտածել այն մասին, թե ո՞ր ուղղությամբ եմ նայում և ո՞ւր եմ գնում։
    Սովորաբար ես հեծանիվ եմ քշում փողոցում․ ճանապարհները հարթ են և, ընդհանուր առմամբ, հեծանիվը հեշտ է
    կառավարել։ Բայց ամուսնուս հանդիպելուց կարճ ժամանակ անց նա ինձ հրավիրեց իր հետ հեծանիվ վարել լեռնային
    արահետներում։ Ես ոգևորված էի այդ նոր մարտահրավերով, սակայն շուտով հասկացա, որ լեռնային արահետներում
    հեծանիվ վարելը հարթ փողոցների նման չէր։ Լեռնային արահետները նեղ են հաճախակի խոչընդոտներով, որոնցից
    մի քանիսն են՝ քարերը, արմատները, ակոսները։ Այդ առաջին արշավի ժամանակ ես աչքերս կենտրոնացրեցի
    յուրաքանչյուր վերահաս խոչընդոտի վրա, միևնույն ժամանակ մտածելով. «Չխփե՛ս քարին, չխփե՛ս քարին, չխփե՛ս
    քարին»։ Գրեթե զավեշտալի էր, որ այդքան շատ ուշադրություն դարձնելով, կարծես թե, ինձ վիճակված էր կրկին ու
    կրկին հարվածել քարերին կամ ակոսներին։
    Մի քանի հուսալքող անհաջողություններից հետո, իմ ապագա ամուսինն ինձ որոշ խորհուրդներ տվեց։ Նա ասաց․
    «Խոչընդոտների վրա կենտրոնանալու փոխարեն, ուշադրություն դարձրու, թե ուր ես ուզում գնալ և հեծանիվը
    կենթարկվի»։ Ես հետևեցի նրա խորհրդին։ Դա հնչում էր շատ պարզ, բայց քանի որ ես մեծ հաջողության չէի
    հասնում յուրաքանչյուր խոչընդոտի վրա կենտրոնանալուց, որոշեցի փորձել այն: Կարճ ժամանակ անց ես մոտեցա
    մեկ այլ քարի։ Դրան նայելու փոխարեն, ես կենտրոնացա այդ քարը շրջանցող նեղ, բայց մաքուր արահետի վրա։ Ի
    զարմանս ինձ, հեծանիվը (ինձ հետ միասին) գնաց այն ուղղությամբ, որտեղ ես էի ուզում։ Ես զարմանում էի, երբ
    ամեն անգամ այդ սկզբունքը ճիշտ էր աշխատում։ Ավելորդ է ասելը, որ մնացած ճանապարհն ավելի հաճելի անցավ։
    Իմ կյանքի ընթացքում բազմիցս մտածել եմ այդ սկզբունքի մասին։ Ֆիզիկական քարերից և այլ վտանգներից
    անվտանգ անցում ապահովելուց բացի, այն հուսալի սկզբունք է հանդիսացել իմ հոգևոր ճամփորդությունն անվտանգ
    անցնելու համար: Եթե իմ ուշադրությունը կենտրոնացնում եմ աշխարհի շեղող հանգամանքների վրա, որոնք են՝
    վախերը, համեմատությունները, սոցիալական մեդիայի չափից շատ օգտագործումը և այլն, ես պարզում եմ, որ
    հոգևորապես հեռու եմ շպրտվում այն վայրից, որտեղ, իմ կարծիքով, ես ուղևորվում եմ։ Այնուամենայնիվ, եթե ես
    ձգտում եմ ապրել իմ կյանքը, կենտրոնանալով Փրկիչի վրա և հետևելով Նրա օրինակին, ապա ավելի լավ եմ
    ամրապնդվում և ուղղորդվում, քան եթե ինքնուրույն գործեի:
    Սուրբ գրություններից ինձ դուր է գալիս մի պատմություն, որտեղ Քրիստոսը փոթորկի ժամանակ ջրի վրայով քայլում
    է նավից հեռու գտնվող Իր աշակերտների ուղղությամբ։ Աշակերտները սկզբում վախենում էին, բայց հետո Պետրոսը
    ճանաչեց Փրկիչին և Փրկիչը խնդրեց նրան միանալ Իրեն ջրի վրայով: Եվ Նա քայլեց։ Ուշադիր կենտրոնանալով
    Փրկիչի վրա, Պետրոսը ջրի վրայով սկսեց քայլել դեպի Քրիստոսը։ Բայց հետո նրա ուշադրությունը շեղվեց։ Նա
    նկատեց իր շուրջը փոթորկող քամին ու ալիքները (քաոսը և ուշադրության շեղումը) և սկսեց խորտակվել։ Պետրոսի
    ունակության շնորհիվ չէր, որ նրան հնարավորություն տրվեց հաղթահարել տարրերը, ոչ էլ՝ փոթորկոտ ծովն ու
    փոթորկահույզ ալիքների պատճառով նա խորտակվեց։ Լինելով կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա, Պետրոսը
    հակասեց բնության օրենքները, որպեսզի իրագործեր այն, ինչն այլ կերպ հնարավոր չէր լինի։
    Ես նայում եմ այնտեղ, որտեղ ցանկանում եմ հայտնվել, որովհետև հայտնվում եմ այնտեղ, որտեղ նայում եմ։ Դա
    շատ պարզ է: Միշտ կլինեն խոչընդոտներ, և դրանք հաճախ հիասթափեցնող են, բայց ես սովորում եմ նայել

    Փրկիչին, երբ նավարկում եմ այն մարտահրավերների միջով, որոնց բախվում եմ կյանքի ճանապարհին: Ի՞նչ է դա
    գործնականում նշանակում։ Դա նշանակում է ամեն օր սնվել Քրիստոսի խոսքերով, ամենօրյա հաճախակի
    աղոթքներում փնտրել ոգեշնչում և ուղղորդում, իսկ հետո գործել ըստ այդ ոգեշնչման։ Դա նշանակում է ամեն օր
    խթանել երախտագիտության ոգին և ժամանակ անցկացնել տաճարում։ Դա նշանակում է վստահել, որ Աստված
    տեղյակ է իմ մասին, և հիասթափված հարցնելու փոխարեն, թե «ինչո՞ւ ես», հարցնել հավատքով՝ «Ի՞նչ ես ուզում,
    որ ես սովորեմ այս դժվարությունից»: Իմ ուշադրությունը կենտրոնացնելը Փրկիչի վրա չի նշանակում, որ
    խոչընդոտները կհեռանան, բայց դա ինձ ավելի ուժեղ է դարձնում, երբ գտնում եմ այն նեղ ճանապարհը, որն ինձ
    ապահով տեղ կհասցնի:
    Պետրոսի պատմության ավարտը նույնպես հիշարժան է, քանի որ նույնիսկ, երբ նա խորտակվում էր, նա կանչեց
    Փրկիչին, և Հիսուսն անմիջապես պարզեց իր ձեռքը և բռնեց նրան: Երբ ես դադարում եմ կենտրոնանալ, ես փորձում
    եմ հիշել, որ Նա պարզած բազուկներով սպասում է, որ իմ ուշադրությունը կրկին սևեռեմ Նրա վրա: Նա հանդարտ և
    համբերատար սպասում է՝ միշտ պատրաստ լինելով ինձ վեր քաշել հետ՝ դեպի Իր սիրառատ բազուկները։