«Կոտրված» մարդ և կոտրված աղեղ

    Բենիամին Թայլոր

    21 փետրվարի, 2020թ․

    Վերջին վեց տարում ես ունեցել եմ վեց աշխատանք:
    Չնայած ես ամեն անգամ հույս ունեի, որ նոր գործը «իմ ուզածն է», բայց ոչ մեկը չհաջողվեց, և բոլորն էլ ինձ
    ստիպեցին, որ մերժված, հիասթափված և մի փոքր ավելին կոտրված զգայի ինձ։ Աշխատանք փնտրելուց հոգնած և
    հիասթափված, մի քանի ամիս առաջ ես որոշեցի ևս մեկ անգամ փորձել գտնել ինչ-որ ավելի լավ, իրական
    զբաղմունք։ Ես հիշում եմ մի քիչ հուսահատ ասած իմ աղոթքը։ «Տեր, եթե դա հնարավոր է, կարո՞ղ է ինչ-որ մեկը
    պարզապես զանգահարել և առաջարկել ինձ աշխատանք: Ո՛չ մի դիմում, ո՛չ մի հարցազրույց, պարզապես՝
    աշխատանք»։
    Մի քանի օր անց զանգ ստացա մեկից, ով տեսել էր իմ ռեզյումեն առցանց, և հարցրեց, թե ուզում եմ աշխատել որպես
    սկսնակ էլեկտրիկ: Կարճ ժամանակ անց ես սկսեցի աշխատել այդ հաստիքում։ Իմ աղոթքները ստացան իրենց
    պատասխանը։
    Բայց իմ նոր աշխատանքը սկսելուց մեկ կամ երկու շաբաթ անց ես նկատեցի, որ ձեռքերս վնասվել են և մատներս
    այտուցվել են։ Ես դիմեցի բժշկի, աշխատանքից մի որոշ ժամանակ հանգիստ վերցրեցի և քահանայության
    օրհնություն ստացա։ Մատներս շարունակում էին այտուցված մնալ և ամեն օր ավելի շատ էին ցավում։
    Ես մտածեցի, որ պետք է մեկ ուրիշ աշխատանք գտնեմ, քանի որ իմ ձեռքերը չէին դիմանում այդ աշխատանքին։
    Այդ միտքը, այդ գիտակցումը կարող էր լինել իմ կյանքի ամենացավոտ փորձառություններից մեկը: Ես չէի կարող
    նորից աշխատանք որոնել։ Ես բավականաչափ օրհնվել էի այս աշխատանքը ստանալու համար։ Թե՛ մարմնով և թե՛
    մտքով ես զգում էի, կարծես, մեքենան վերջին շնչում, ծխալով փորձում է հասնել իր նպատակակետին՝ նախքան
    ամբողջովին փչանալը: Ես պետք է նոր աշխատանք գտնեի, բայց չէի կարողանա։ Ես գիտեի, որ չէի կարողանա։
    Սուրբ գրություններում մենք կարդում ենք մի ընտանիքի մասին, որն անհաջողությունների էր հանդիպում՝ Լեքիի
    ընտանիքի մասին։ Նեփին, ով մի հուսալի որսորդ էր, կոտրեց իր աղեղն այն բանից հետո, երբ նրա եղբայրների

    աղեղները կորցրեցին իրենց ճկունությունը, և նրա ողջ ընտանիքը քաղցի մատնվեց։ Նույնիսկ մեծ մարգարե Լեքին
    սկսեց տրտնջալ Աստծո դեմ։ Ես մտածում էի, թե ինչ էր Նեփին զգում։
    Ես գիտեի, թե ես ինչ էի զգում։ Եվ ես չէի կոտրել աղեղը, այլ ես ինքս էի կոտրվել։ Անհաջողության այդ տարիներն
    ինձ դարձրեցին կոտրված մարդ, բայց դրանք նաև տվեցին ինձ կոտրված սիրտ: Ուստի ես այդ կոտրված սրտով
    օգնություն խնդրեցի: Ես օգնություն խնդրեցի Աստծուց: Ես օգնություն խնդրեցի իմ ընտանիքից:
    Տերն ու իմ ընտանիքը լսեցին ինձ։ Կնոջս եղբայրը ինձ հետ քննարկեց հնարավոր եղանակները, որոնցով կարող էի
    փորձել շտկել իմ կործանված ռեզյումեն: Նա և իմ քույրը նայեցին իմ կրթությանը և փորձին, իմ կարողություններին
    և անհատականությանը, և նրանք փորձեցին օգնել ինձ գտնել այնպիսի աշխատանք, որի մեջ կարող եմ աճել:
    Մենք ընտրեցինք աշխատանքի ուղղվածությունը, և ես ծանոթացա այն մարդկանց հետ, ովքեր գիտեին, թե ինչ տեսակ
    աշխատանք եմ փնտրում և պատրաստ էին ինձ խորհուրդ տալ, մինչ ես որոնումների մեջ էի։
    Ես աշխատանքների դիմումներ ուղարկեցի իմ կարիերայի նոր ոլորտի ընկերություններին և նույնիսկ մասնակցեցի
    հարցազրույցների: Մարդիկ, որոնք հարցազրույցներ էի անցկացնում ինձ հետ, տեղեկացնում էին, թե որքան քիչ են
    աշխատանք ստանալու իմ հնարավորությունները:
    Մի օր կինս աղոթեց ինձ համար: Նա ինձ համար բազմիցս էր աղոթել, բայց այդ օրը նա լաց էր լինում և ամբողջ
    ուժով պայքարում էր Աստծո հետ: Նա գիտեր, թե որքան էի ես ճնշվել, տանջվել և հոգնել այդ ամենից։ Նա խնդրեց,
    որ Աստված ինձ հաղթանակ պարգևի, որևէ հաղթանակ, և որ ես հույսի նշույլ ձեռք բերեի։
    Մի քանի ժամ անց ես զանգ ստացա ինչ-որ մեկից, ով ինձ ավելի լավ աշխատանք էր առաջարկում, քան ես կարող էի
    հույս ունենալ: Ճիշտ ժամանակին էր։ Նոր աշխատանքս սկսելուց մի քանի օր առաջ թույլ ձեռքիս վրա եղած ջիլը
    պայթեց և ամբողջովին պոկվեց: Բայց դա ոչինչ, քանի որ ես նոր հույս էի գտել և իմ ձեռքի վնասված ջիլն ինձ չէր
    կոտրել։
    Արդեն մի քանի ամիս է ունեմ իմ հրաշալի աշխատանքը և լավ եմ զգում այն կատարելիս։ Բայց հնարավոր է, որ այս
    փորձությունն ավարտված չէ. Նեփիի փորձությունները, իհարկե, չավարտվեցին այն բանից հետո, երբ Տերն օրհնեց
    նրան ուտելիք գտնելով: Վեց տարվա մեջ վեց աշխատանքին կարող է փոխարինել վեց տարի աշխատանք չունենալը։
    Բայց անկախ նրանից, թե ինչ կպատահի, կա մի օրհնություն, որն ինձ միշտ հասանելի կլինի՝ Աստծո սերը։ Պողոս
    Առաքյալը գրել է, որ ոչ «տառապանքը, թէ նեղութիւն, թէ հալածանք, թէ սով, թէ մերկութիւն, թէ վտանգ, թէ սուր»
    չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց (Հռովմեացիս 8․35)։ Այդ ցուցակին ես կավելացնեի «ոչ
    գործազրկությունը, աղքատությունը, ոչ էլ պարտքը»: Աստծո սերը, Սուրբ Հոգու մխիթարության միջոցով, միշտ
    հասանելի է մեզ, երբ փնտրում ենք Նրան: Նույնիսկ, եթե իմ մարմնի ավելի շատ մասեր կոտրվեն, նույնիսկ, եթե ես
    ավելի շատ աշխատատեղ կորցնեմ, նույնիսկ, եթե ամեն ինչ վատ գնա, ես կարող եմ հետևել իմ Աստծուն և վստահել
    իմ հանդեպ Նրա սիրուն:
    Թեև Նեփին կոտրեց ընտիր պողպատից պատրաստած իր աղեղը, նա ապավինեց Աստծուն, փայտից մեկ այլ աղեղ
    սարքեց և մի ուղիղ փայտաձողից մի նետ պատրաստեց։ Եթե այս փորձառությունն ինձ ինչ-որ բան սովորեցրել է, դա
    այն է, որ երբ ձգտում ենք ինքնապահովման՝ լինի ավելի լավ աշխատանք, ավելի նարձր կրթություն կամ մեր
    գումարների ավելի լավ կիրառություն, մենք պետք է վերցնենք մեր ունեցածը, նույնիսկ այն դեպքում, երբ դա այնքան
    էլ շատ չի թվում: Այնուհետև մենք պետք է անենք այնպես, ինչպես արեց Նեփին. լինել խոնարհ, վստահել Աստծուն
    և հարցնել Նրան, թե որտեղ պետք է գնանք ուտելիք գտնելու համար:
    Գիտեմ, որ Աստված տեղյակ է մեր դժվարություններից։ Նա սիրում է մեզ: Եթե մենք դիմենք Նրան, Նա ցույց կտա
    մեզ, թե որտեղ պետք է որս անենք և ինչ պետք է անենք: Նա կուղարկի մեզ անհրաժեշտ օգնությունը: